Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ երկրում բռնցքամարտի մրցաշարերից մեկն անվանվելու է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի պատվին։
Ավելի վաղ Կարո Փայլանը Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Մոհարեմ Կասապոգլուսին դիմել էր հարցով, թե պատրաստվու՞մ է արդյոք որևէ նախագիծ, որը կհիշեցնի Զաքարյանի ներդրումը թուրքական բռնցքամարտում և կանմահացնի նրա անունը սպորտում:
Փայլանը նաև ակնարկել էր, որ լավ կլինի Զաքարյանի պատվին անվանել որևէ մարզահամալիր:
Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարը պատասխանել է Փայլանի խնդրանքին՝ ասելով, որ Զաքարյանի անվան մրցաշարի որոշումն արդեն ընդունված է, այժմ քննարկվում է նրա անունով մարզահամալիրի անվանման հարցը:
Կարպիս Զաքարյանը ծագումով Ստամբուլի հայաբնակ Շիշլի թաղամասից էր: Նա ստիպված էր թողնել դպրոցը հինգերորդ դասարանում, քանի որ իր ընտանիքը ծանր ֆինանսական վիճակում էր գտնվում: Նա ծնողներին օգնելու համար թերթեր էր բաժանում: Այնուհետև նա սկսեց զբաղվել բռնցքամարտով, և սպորտը դարձավ նրա կյանքի անբաժան մասը:
1948-ին Կարպիս Զաքարյանը, ով հայտնի է «Երկաթե բռունցք» մականունով, դարձավ Թուրքիայի չեմպիոն: Բռնցքամարտի իր կարիերայի ընթացքում Կարպիսը ռինգ է մտել 251 անգամ, կռվել սիրողական և պրոֆեսիոնալ մենամարտերում: Նա պարտվել է ընդամենը երկու անգամ: 1960 թվականից աշխատել է որպես պրոֆեսիոնալ մարզիչ: Կարպիս Զաքարյանը մահացել է 90 տարեկան հասակում՝ 2020 թվականի հունվարին: