Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը 179 կգ արդյունքով (80+99 կգ) երկամարտում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Պոկում և հրում վարժություններում ևս Յայլյանը արժանացավ փոքր բրոնզե մեդալներին:
Յայլյանը պոկում վարժությունում կամային բարձր հատկանիշների շնորհիվ գլխավերևում պահել է 87 կգ կշռող ծանրաձողն ու արժանացել փոքր բրոնզե մեդալին: Այս վարժությունում փոքր ոսկե մեդալին արժանացել է ուկրաինացի Սվետլանա Սամուլյակը, իսկ փոքր արծաթը նվաճեց ռումինացի Անդրեա Կոնտրուտան:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում հաջող կատարեց երեք մոտեցումներից երկուսը` գլխավերևում պահելով 80 կգ կշռող ծանրաձողը:
Հրում վարժությունում արդեն Յայլյանը հաջող կատարելով երկու մոտեցում՝ բարձրացրեց 109 կգ կշռող ծանրաձողը և արժանացավ փոքր բրոնզե մեդալին, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 99 կգ արդյունքով, դուրս մնաց մեդալային պայքարից:
Նշենք՝ Եվրոպայի առաջնության մրցումներին այսօր հետևել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, պաշտոնատար այլ անձինք, մարզաշխարհի ներկայացուցիչներ և երկրպագուներ:
Եվրոպայի առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված էր նաև միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը: