«Բալթիկայի» հարձակվող Իշխան Գելոյանը հեռացել է Կալինինգրադը ներկայացնող ակումբից՝ պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Հայ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում «Բալթիկայի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
«Իշխանն առանձնանում էր լավ տեխնիկայով, դիպուկ հարվածներով, անզիջում պայքարով: Բազմիցս ընդգրկվել է ՖԱԼ-ի տուրի խորհրդանշական հավաքականում, հրավիրվել է Հայաստանի հավաքական: Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին «Բալթիկայի» հաջողություններում ունեցած ներդրման համար և կարիերայի հաջող շարունակություն ենք մաղթում նրան»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
2021/2022 մրցաշրջանում «Բալթիկան» Ֆուտբոլի Ազգային լիգայի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է վաստակել՝ 38 տուրից հետո վաստակելով 58 միավոր: