Իսպանացի նախկին մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բարսելոնա»-Նապոլի» պատասխան խաղում (1:3) հյուրերի նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմխենի՝ մրցակցի տուգանային հրապարակում ընկնելու մասին:
«Այն, ինչ տեղի ունեցավ Օսիմխենի և Կուբարսիի միջև, մրցավարի հայեցողությամբ դրվագ է: Մրցավարը պետք է որոշի՝ արդյոք դա բավարա՞ր է 11-մետրանոց նշանակելու համար։ Սա այն դեպքը չէ, երբ VAR-ը հստակորեն միջամտելու կարիք ունի: Եթե խաղադաշտում աշխատող մրցավարը որոշի, որ այս շփումը խանգարել է հարձակվողին շարունակել խաղը, ապա մրցավարը պետք է նշանակի 11 մետրանոց: Եվ դուք չեք կարող բողոքել որոշումից, քանի որ այդ շփումը եղել է»,- Իտուրալդեի խոսքերն է մեջբերում AS-ը:
Նշենք՝ 49-րդ րոպեին նեապոլցիների հարձակվող Վիկտոր Օսիմխենն ընկել է մրցակցի տուգանային հրապարակում, երբ Պաու Կուբարսին կանգնել է նրա ոտքին: Հանդիպման գլխավոր մրցավար Դանի Մակկելին այս դրվագում 11 մետրանոց չի նշանակել, իսկ VAR-ը նրան չի կանչել էկրանի մոտ՝ ստուգելու վիճելի դրվագը:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ է տարել իտալական «Նապոլիի» նկատմամբ։ Երկու խաղերի արդյունքում կատալոնացիները դուրս են եկել 1/4 եզրափակիչ՝ ընդհանուր 4:2 հաշվով հաղթելով «Նապոլիին»։