Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դաինիս Կազակևիչսը հունիսյան մարզական հավաքի համար թիմ է հրավիրել 25 խաղացողների, հայտնում է Լատվիայի Ֆուտբոլսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Թիմը հունիսին կանցկացնի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում։ Նախ՝ հունիսի 16-ին Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում Լատվիան կխաղա Թուրքիայի հետ, իսկ հունիսի 19-ին արտագնա հանդիպում կանցկացնի Հայաստանի ազգային հավաքականի հետ։
Չորս խաղացողներ՝ դարպասապահ Յանիս Բեկսը, կիսապաշտպաններ Դենիս Մելնիկսն ու Դմիտրի Զելենկովը, ինչպես նաև հարձակվող Մարկո Ռեժան, առաջին անգամ են հրավիրվել Լատվիայի հավաքականի հավաքին։ Հրավիրված 25 խաղացողների թվում կան ևս երեքը, որոնք նախկինում հրավիրվել են, բայց նորամուտը դեռ չեն նշել ազգային հավաքականում։ Ընդհանուր առմամբ, յոթ խաղացող դեռ չի հասցրել պաշտոնական հանդիպում անցկացնել հավաքականի մարզաշապիկով։
Լատվիայի հավաքականը կիրակի օրը գրեթե ամբողջ կազմով սկսել է մարզական հավաքը։
Հավաքականի կազմում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը կիսապաշտպան Յանիս Իկաունիեկսն է, որը 50 հանդիպում է անցկացրել հավաքականի մարզաշապիկով։ Թիմի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը լեհական «Ռակովի» հարձակվող Վլադիսլավ Գուտովսկիսն է՝ 11 գոլով։
25 ֆուտբոլիստներից 18-ը հանդես է գալիս ներքին առաջնությունում, միայն 7 ֆուտբոլիստներ են ներկայացնում այլ առաջնությունների ակումբներ, որոնցից երեքը հանդես են գալիս Լեհաստանի առաջնությունում։
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Լատվիայի հավաքականը զբաղեցնում է 132-րդ հորիզոնականը։