«Ռեալի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը, այս մասին հայտնում է AS-ը։
«Բարսելոնայի» հետ երեկ կայացած խաղում Վասկեսը բախվել է Սերխիո Բուսկետսի հետ ու փոխարինվել է հանդիպման 43-րդ րոպեին։ Մադրիդյան թիմի ֆուտբոլիստը ձախ ծնկի շրջանում ցավեր է ունեցել։
Աղբյուրը նշում է, որ խաղից հետո Վասկեսի մոտ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ախտորոշվել։ Վասկեսը վիրահատության չի ենթարկվի, բայց բուժման համար մոտ վեց ամիս կպահանջվի։ Սա նշանակում է, որ նա այլև չի կարողանա խաղադաշտ դուրս գալ ընթացիկ մրցաշրջանում։
Հիշեցնենք՝ Վասկեսից բացի, «Ռեալն» արդեն իսկ զրկվել է Դանի Կարվախալից, Սերխիո Ռամոսից և Ռաֆայել Վարանից, ովքեր վարակվել են կորոնավիրուսով։
Կլասիկոյում վնասվածք է ստացել նաև Ֆեդերիկո Վալվերդեն։ Նրա վնասվածքն այնքան էլ լուրջ չէ, բայց մասնակցությունը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Լիվերպուլի» հետ պատասխան խաղի, հարցականի տակ է։