Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը Բուդապեշտի վարկանիշային մրցաշարին մեր ընտրանու կազմը հայտարարելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
-Հավաքականն ի՞նչ մարզավիճակով է մոտենում առաջիկա մրցաշարին:
-Տղաները լավ մարզավիճակով են մոտենում մրցաշարին: Ամենակարևորը՝ կա ցանկություն մասնակցելու և պայքարելու: Մենք էլ հուսով ենք՝ սպասելիքները կարդարացնեն:
-Կազմն ի՞նչ սկզբունքով եք ընտրել:
-Կազմն ընտրել ենք Հայաստանի առաջնությունների ու նախորդ մրցաշարերի արդյունքները հաշվի առնելով:
-Քանի՞ ուղեգրի ակնկալիք ունեք:
-Չեմ առանձնացնում որևէ մեկին: Բոլորի հետ էլ հույսեր կապում ենք, ու հուսով եմ՝ բոլորն էլ կարդարացնեն մեր հույսերը: Ամեն դեպքում, բոլոր տղաները կպայքարեն ուղեգրերի համար: Թե ինչպես կստացվի՝ կտեսնենք այնտեղ:
-Կորոնավիրուսի պատճառով բավականին երկար դադար ունեցաք: Արդյոք այս դադարն արդյունավե՞տ է օգտագործվել, թե՞ ամեն դեպքում խնդիրներ առաջացրել է:
-Դադարն արդեն իսկ իր մինուսներն ունի: Սա չեմ ասում արդարանալու համար, բայց դադարն արդեն թույլ չի տալիս լիարժեք պատրաստվելու և մրցաշարերին մասնակցելու: Սա բավականին ազդեց մեր տղաների սպորտային որակների համար, բայց կարողացանք տարվա վերջին մասնակցել աշխարհի անհատական Գավաթին, կարողացանք անցկացնել Հայաստանի առաջնությունը, մասնակցեցինք Կիևի մրցաշարին ու հնարավորինս բարձրացրինք մեր սպորտային վիճակը:
-Ունենք երկու ուղեգիր, բայց Կարապետ Չալյանը վնասվածք ունի, իսկ Արթուր Ալեքսանյանը վերջին շրջանում այնքան էլ հաջող հանդես չի գալիս մրցաշարերում: Այս փաստը չի՞ մտահոգում՝ հաշվի առնելով ,որ Օլիմպիական խաղերը սարերի հետևում չէ:
-Համաձայն չեմ Ձեր այն տեսակետի հետ, թե Արթուրը հաջող հանդես չի գալիս: Նա լավ մարզվում է, լավ էլ մասնակցել է, պարզապես այդ մցրաշարերում մենք մեր առջև անպայման չեմպիոն դառնալու խնդիր չենք դրել: Այդ մրցաշարերը ցույց տվեցին, թե մենք ինչ բացեր ունենք,և ինչը պետք է շտկենք:
Ինչ վերաբերում է Կարապետին, ապա այո, նա փոքր խնդիր ունի, բայց նա 99%-ով կատարում է մարզիչների առաջադրանքները մարզումների հետ կապված:
-Ալեքսանյանն ինչո՞ւ չի մասնակցում մարզմանը:
-Արթուրն այսօր անհատական ծրագրով մասնակցում է արագաուժային վարժություններին: Այդպես ենք ծրագրել:
-Արթուր Շահինյանի՝ քաշի հետ կապված խնդիրը արդյոք լուծվե՞լ է, քանի որ Կիևի մրցաշարին մասնակցում էր 97 կգ քաշային կարգում:
-Դա խնդիր չէ: Մենք հնարավորություն տվեցինք, որ Արթուրը ավելորդ անգամ քաշը չիջեցնի: Մարզիչներով որոշեցինք, որ ճիշտ կլինի Արթուրը գնա ու զգա մրցման շունչը, իսկ արդեն հիմնական մրցումներին նա հանդես կգա իր մարտական քաշով:
-Մաքսիմ Մանուկյանին տևական ժամանակ է՝ չենք տեսնում հավաքականի հետ…
-Նա արտերկրում է: Մեջքի հետ կապված որոշակի խնդիրներ ուներ, հիմա նաև զբաղվում է այդ հարցերով: Հուսով ենք՝ 15-20 օրից կվերադառնա ու մենք կմտածենք մեր հետագա անելիքների մասին: