«Յուվենտուսի», «Զենիթի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն ավարտում է կարիերան:
Հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, 33-ամյա կիսապաշտպանը կհայտարարի իր որոշման մասին Թուրինի«Ալյանս» մարզադաշտում: Իտալացին որոշեց դադարեցնել խաղային կարիերան առողջական խնդիրների պատճառով:
Վերջին անգամ նա դաշտ էր դուրս եկել այս տարվա փետրվարին՝ «Զենիթի» կազմում:
Հուլիսի 1-ին նա դադարեցրել է պայմանագիրը Սանկտ-Պետերբուրգը ներկայացնող ակումբի հետ: Անցյալ ամիս հաղորդվում էր, որ Մարկիզիոն կարող է տեղափոխվել «Մոնակո», բայց դա տեղի չունեցավ:
Մարկիզիոն «Յուվենտուսի» սան է, ընդհանուր առմամբ, նա 25 տարի է անցկացրել իտալական ակումբում: Այդ ընթացքում կիսապաշտպանը 7 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 3 անգամ՝ երկրի գավաթակիր, 4 անգամ էլ նվաճել է Իտալիայի Սուպերգավաթը:
Բոլոր մրցաշարերում ակումբում անցկացրած 389 խաղում նա դարձել է 37 գոլի հեղինակ: