Այսօր մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 2 ներկայացուցիչ կպայքարի բրոնզե մեդալի համար։
Ցավոք սրտի, 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը, ստացած վնասվածքի պատճառով, չի գոտեմարտի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ Հոմերոս Առաքելյանը կիսաեզրափակչում պարտվեց ռումինացի ըմբիշին։ Առաքելյանը առաջնությանը մասնակցում էր վնասվածքով, որը գլուխ էր բարձրացրել գոտեմարտի ընթացքում և Հոմերոսը գորգը լքել էր բժիշկների օգնությամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
87 կգ քաշային Վիգեն Նազարյանի մրցակցի անունը հայտնի կդառնա սփոփիչ գոտեմարտից հետո, իսկ 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը սփոփիչ գոտեմարտում կմրցի Չեխիան ներկայացնող՝ հայազգի մարզիկ Արթուր Սարգսյանի հետ։
Վիգեն Նազարյանը կիսաեզրափակչում 1:3 հաշվով պարտվել էր վրացի մարզիկին, իսկ Ալբերտ Վարդանյանը մեկնարկային գոտեմարտում զիջել էր ուկրաինացի ըմբիշին։
Այսօր՝ մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, 67 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը, 72կգ քաշային Արման Խաչիկյանը, 82կգ քաշային Հայկ Մխիթարյանը և 97կգ քաշային Հրանտ Միքայելյանը։
Հունահռոմեականներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայիններին։