Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի առաջատարներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը դեկտեմբերի 2-ից 4-ը Նորվեգիայի Լիլլեհամմեր, ապա դեկտեմբերի 9-11-ը Բեիտոստոելեն քաղաքներում կմասնակցեն Աշխարհի գավաթի խաղարկության փուլերին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանն ու լուսանկար հրապարակել Նորվեգիայից:
Հիշեցնենք՝ վերջերս Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում մասնակցել են միջազգային վարկանիշային մրցաշարի և հաջող ելույթներ ունեցել:
Միքայել Միքայելյանը 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում 3-րդ տեղն է զբաղեցրել՝ վաստակելով 59.07 վարկանիշային միավոր և արժանանալով բրոնզե մեդալի: Նա առաջատարին զիջել է ընդամենը 12.4 վայրկյան։
Կատյա Գալստյանն էլ հավասարը չի ունեցել 9 կմ ազատ ոճի մրցատարածությունում՝ վաստակելով 80.51 վարկանիշային միավոր և դառնալով ոսկե մեդալակիր:
Ի դեպ, սա Կատյայի մարզական կարիերայում վաստակած լավագույն միավորն էր: