Ուժային եռամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Գինեսի գրքի և հայկական Դյուցազնագրքի ռեկորդակիր, միջազգային սպորտի վարպետ Արտյոմ Սոլոյանը հունիսի 11-ին Գինեսի 2 նոր ռեկորդ է սահմանել։
Նա դաստակները թարս ծալած, մեջքին 110 կգ և 120 կգ ծանրաքարեր կապած` կատարել է «Հենում-ծալում» վարժությունը։ Նա վարժությունը նախ կատարել է 110 կգ ծանրաքարով` 15 անգամ 39 վայրկյանում, ապա 120 կգ ծանրաքարով՝ 11 անգամ 49 վայրկյանում:
«Աստծո տված ուժով սահմանեցի Դյուցազնագրքի և Գինեսի երկու ռեկորդ»,- գրել է Սոլոյանը ֆեյսբուքի իր էջում և տեսանյութ հրապարակել:
Ռեկորդի գրանցմանը ներկա էին Դյուցազնագիրք դյուցազունների ասոցիացիա հասարական կազմակերպության նախագահ Վարդան Թովմասյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ, ընկերներ և հարազատներ։
Արտյոմ Սոլոյանը «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր է, Ռաջա Լաշա համաշխարհային ռեկորդների կենտրոնի բազմակի ռեկորդակիր է։ Նա «Հենում-ծալում» վարժության վարպետն է։ Այն կատարել է տարբեր կերպ՝ ծանրությունը ուսերին, դաստակները թարս դրված, բռունցքների վրա, ձեռքերի ափերի վրա։
Արտյոմ Սոլոյանը հաջողություններ է գրանցել նաեւ ՀՀ պաուերլիֆտինգի առաջնություններում։ Հայաստանի առաջնության բազմակի հաղթող է, Եվրոպայի եռակի հաղթող է (2018, 2019 և 2021թթ-ին) և Աշխարհի կրկնակի և բացարձակ հաղթող է. 2019թ-ին Ուկրաինայի Լուցք քաղաքում դարձել է բացարձակ հաղթող և նույն թվականի նոյեմբեր ամսին Լեհաստանի Պաբյանիցա քաղաքում կրկին դարձել է աշխարհի չեմպիոն։