Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, «Չելսին» հյուրընկալվելիս պարտվել է «Վուլվերհեմփթոնին» Անգլիայի առաջնության 18-րդ տուրի խաղում։ Մոլինյու մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով։
Հանդիպման ընթացքում լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները ստացել են վեց դեղին քարտ։ Այդ պատճառով, Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կանոնների համաձայն, «Չելսին» կտուգանվի, հայտնում է Daily Mail-ը։
«Ասոցիացիան կարգապահական տույժեր կձեռնարկի ակումբի նկատմամբ, եթե թիմում վեց կամ ավելի խաղացողներ զգուշացվեն կամ հեռացվեն խաղադաշտից 1-ին կամ 3-րդ կարգի խաղերում», — ասվում է FA-ի կարգապահական կանոնակարգում:
Դեղին քարտեր են ստացել Քոնոր Գալահերը, Քոուլ Պալմերը, Մալո Գուստոն, Նիկոլաս Ջեքսոնը, Ռահիմ Սթերլինգը և Մարկուս Բետինելլին։
18 տուրից հետո «Չելսին» 22 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի 10-րդ հորիզոնականը։ Առաջնությունը գլխավորում է «Արսենալը» (40 միավոր):