Պերուացի շամանները ծես են կատարել՝ ուղղված Նեյմարի դեմ։
ԱԱ-2026-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Պերուի հավաքականը կընդունի Բրազիլիայի ընտրանուն։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 13-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 06։00-ին:
Խաղից առաջ պերուացի 10 շամաններ հավաքվել են՝ աղոթելու Հայր Արևին և ծեսեր կատարել՝ օգնելու ազգային թիմին:
Մարզադաշտի մոտ գտնվող զոհասեղանին նրանք դրոշներ, թրեր, ամուլետներ և երկու թիմերի խաղացողների լուսանկարներ են դրել: Նրանք Նեյմարի լուսանկարին ամրացրել են կտորե տիկնիկ՝ կապելով նրա ձախ ոտքը և թուրը կպցնելով աջ ոտքին:
«Մենք չեզոքացրինք Նեյմարին՝ կապելով նրա ոտքերը։ Մենք նրան այնպես կապեցինք, որ նա վատ մարզավիճակում հայտնվի, չվազի ու լավ չխաղա։ Մենք հատուկ ծես կատարեցինք, որպեսզի նրա միտքը մթագնի, և նա չկարողանա հստակ որոշել, թե ինչ է փնտրում, ինչ նպատակներ ունի»,- շաման Ֆելիքս Ռոնդանի խոսքերն է փոխանցում El Diario-ն։