Fastex ՀՊԼ 21-րդ տուրում «Փյունիկը» Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունել է Գյումրիի «Շիրակին» և առաջին խաղակեսից հետո 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Երևանյան թիմի կազմում իր առաջին գոլն է խփել հայիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեն՝ աչքի ընկնելով հանդիպման արդեն 16-րդր րոպեին։ Նշենք՝ առաջին խաղակեսում «Փյունիկի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Յուսուֆ Օտուբանջոն, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Խոսե Կարաբալյոն։
Նշենք՝ զուգահեռաբար ընթացող խաղում էլ «Ուրարտուն» ընդունել է «Վանին»։ Առաջին խաղակեսից հետո երևանյան թիմը հաղթում է նվազագույն հաշվով Նարեկ Գրիգորյանի՝ 43-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։
Հիշեցնենք՝ Դեսիրեն հունվարին է միացել Եղիշե Մելիքյանի թիմին։ Դեսիրեն նախկինում հանդես է եկել Հայիթիի «Միրեբալեյում», «Կապուազում» և ամերիկյան «Ռեալ Մոնարքսում»։ 2018 թվականի ամռանը ֆուտբոլիստը տեղափոխվել է Հայաստան և երկու մրցաշրջան հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», 2020 թվականի ամռանը տեղափոխվել է «Ուրարտու», իսկ նրա նախորդ թիմը եղել է Կիպրոսը ներկայացնող Նիկոսիայի «Օլիմպիակոսը»։
2018/19թթ․ մրցաշրջանում Ջոնել Դեսիրեն խփած 17 գոլով դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության լավագույն ռմբարկու։