«Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին պատմել է, թե որ խաղացողներին է համարում այս պահին աշխարհի լավագույնը։
«Ըստ իս, այս պահին երեք լավագույն խաղացողներն են Մբապեն, Մեսսին և Հոլանդը»,- ասել է վան Պերսին ESPN-ին տված հարցազրույցում:
Լիոնել Մեսսին ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ խաղացողի կարգավիճակում տեղափոխվել է «Ինտեր Մայամի»։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի դեկտեմբեր: Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նախորդ ամառ Կիլիան Մբապեն հրաժարվել է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը մինչև 2025 թվականի ամառ։ Հարձակվողի գործող համաձայնագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է տասը հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 9 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգը բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է ինը գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։