Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի վերջին՝ 30-րդ տուրում կայացավ անչափ դրամատիկ հանդիպում։
«Ռուբին»-«Ուֆա» հանդիպման հաղթողը հնարավորություն էր ստանալու՝ մասնակցելու անցումային հանդիպումների, որպեսզի կարողանա տեղը պահպանել Բարձրագույն խմբում, իսկ պարտվողը լքելու էր Պրեմիեր Լիգան։
Ոչ-ոքիի դեպքում ևս «Ռուբինը» մասնակցելու էր անցումային խաղերին, իսկ «Ուֆան» լքելու էր ուժեղագույնների խումբը։ Հանդիպման 89-րդ րոպեի դրությամբ հաշիվը 1-1 էր։ 90-րդ րոպեին «Ուֆայի» ֆուտբոլիստ Դիլան Օրտիսն առաջ մղեց հյուրերին։
Հիմնական ժամանակին ավելացված 13-րդ րոպեին «Ռուբինը» հիանալի հնարավորություն ստացավ երկրորդ գոլը խփելու, սակայն Վիտալի Լիսակովիչը վրիպեց 11-մետրանոց հարվածից։
Այսպիսով, «Ուֆան» կմասնակցի անցումային խաղերին, իսկ Լեոնիդ Սլուցկիի գլխավորած «Ռուբինը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Ֆուտբոլի Ազգային Լիգայում։