Եթե մեկը մրցաշրջանի սկզբում համարձակվեր հայտարարել, որ Չեմպիոնների լիգայի 22/23 մրցաշրջանի եզրափակիչում իրար հետ մրցելու են «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին», նրան անհավանական մեծ արագությամբ կտեղավորեին ամենահեռու հոգեբուժարանը։ Լավագույն դեպքում էլ կխնդրեին լքել տարածքը…ցանկալի է՝ երկիր մոլորակի տարածքը։ Եթե «Սիթիի»՝ եզրափակիչում հայտնվելը դեռ սպասելի էր, ապա «Ինտերի» պարագայում դա առավել քան անհավանական էր՝ հաշվի առնելով տարվա գլխավոր խաղին մասնակցելու ցանկություն ունեցող գերհզոր մրցակիցներին։ Սակայն ճատակագիրն այդպես որոշեց. «Ականջավոր» գավաթի համար պայքարող թիմերը հենց այս երկուսն էին։ Հենց նրանք էլ մեկնեցին Ստամբուլ՝ հարաբերությունները պարզելու։ Armsport-ը որոշեց անմասն չմնալ այս այս ֆուտբոլային քեֆ-ուրախությունից ու մեկնեց Թուրքիա՝ պատմական իրադարձությունը ֆիքսելու.
- Հենրիխ Մխիթարյանը կդառնար առաջին հայ ֆուտբոլիստը, որը գլխավերևում կպահեր Չեմպիոնների լիգայի գավաթը
- Պեպ Գվարդիոլան կդառնար աշխարհում առաջին մարզիչը, որը թրեբլ կգրանցեր երկու տարբեր թիմերի հետ
Ինքնին ճանապարհորդությունը Ստամբուլ պլանավորելը Երևանից արդեն համարձակ որոշում էր։ Հաշվի առնելով Հայաստանում ավիափոխադրումներ իրականացնող ընկերությունների առաջացրած ամենօրյա խնդիրները՝ մտավախություն կար, որ Երևան-Ստամբուլ ուղիղ թռիչքը կհետաձգվեր, քանի որ մինչև այդ եղել էին նմանօրինակ բազմաթիվ դեպքեր։ Խնդիրներից խուսափելու համար որոշեցի թռքիչն իրականացնել Թբիլիսիից։
Հետաքրքիր է, որ թռիչքի տոմսերի գների վերաբերյալ կային շատ հակասական լուրեր։ Ոմանք գրում էին, որ ռեալ չէ մատչելի գներով ձեռք բերել տոմս դեպի Ստամբուլ։ Եթե խոսում ենք Եվրոպայի մասին՝ իսկապես, բարդ էր։ Խաղից մոտ 1 շաբաթ առաջ, Թբիլիսի-Ստամբուլ-Թբիլիսի ինքնաթիռի տոմսն (3 օրով) արժեր մոտ 300$, մոտավոր նույն գնային քաղաքականությունը գործում էր Երևանից։ Մինչդեռ Եվրոպայից Ստամբուլ հասնելը շատ բարդ էր՝ խաղից 1 շաբաթ առաջ տոմսի նվազագույն արժեքն արդեն 700$ էր, իսկ քանի մոտենում էր խաղի օրը, այնքան, իհարկե, տոմսերը թանկանում էին։ Եթե Չեմպիոնների լիգայի եզրափակիչն այնտեղ չլիներ, դժվար թե արժեքը 200$ գերազանցեր։
Ստամբուլն ունի 3 խոշոր օդակայան։ Բախտի բերմամբ, թե պատահմամբ, մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց չափերով երկրորդում՝ «Գյոկչենում»։ Ի պատիվ թուրքերի, պետք է ասել, որ թեպետ այն սարսափելի մեծ է, բայց շատ հարմարավետ է։ Վայրէջք կատարելուն պես հասկանում ես, որ հայտնվել ես ժամանակակից օդակայանում և ստիպված չես դուրս գալ շինությունից, որտեղ քեզ սպասում են ատամները սրած, ձեռքերը շփող տաքսիստները, որոնք պատրաստ են քեզ շատ «հարմար» գներով տեղափոխել ուզածդ վայրը։ Պարզապես մի հավելում. «հարմար» գները վերաբերվում էին տիեզերքին։ Որպես այլընտրանք կային, իհարկե, այլ փոխադրամիջոցներ՝ ավտոբուսն ու մետրոն։ Շարժասանդուխքն անմիջապես իջեցրեց վագոնների մոտ։
Ճանապարհը խոստանում էր լինել բավական երկար, քանի որ Ստամբուլ քաղաքն անհավանական մեծ է։ Թուրքիայի ամենաշքեղ քաղաքներից մեկը բաժանված է երկու մասի՝ ասիական ու եվրոպական հատվածների։ «Գյոկչեն» օդակայանը ասիական գոտում, իսկ հյուրանոցը, որտեղ պետք էր հանգրվանել, եվրոպական հատվածում էր։ Այնտեղ հասնելու համար անհրաժեշտ էր փոխել 3 ճյուղ, 3 տեսակի մետրո։ Ստորգետնյա նոր մետրոյին փոխարինում էր հին վերգետնյա մետրոն, որից հետո գալիս էր եվրոպական հատվածի գերժամանակակից մետրոն։ Ամբողջ ճանապարհին կար ցանկություն գտնելու «Մանչեսթեր Սիթիի» կամ «Ինտերի» երկրպագուների, սակայն 1-2 հատուկենտ ֆաներից բացի, ոչ ոք ճանապարհին չպատահեց։
Միայն հյուրանց հասնելուն պես պարզ դարձավ, որ երկրպագուները դեռևս դուրս չեն եկել որսի. դեռ հունիսի 9-ն էր, և երկրպագուների մեծամասնությունն ինձ պես նոր էին ժամանում մրցաշրջանի կարևորագույն դեպքի վայր։ Հյուրանոցի ընդունարանում ինձ սպասում էր առաջին անակնկալը. Հայաստանի անձնագիրն իր ձեռքը վերցնելուց հետո ինձ «բարև, ո՞նց ես» հարցադրումով դիմեց ընդունարանի աշխատակիցը։ Ներկայացավ՝ Բուրակ։ Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Բուրակը նույնպես հայ է՝ ունի հայկական արմատներ և բարդ մանկություն։ Այնուհետև ձեռքին նկատեցի հայերեն տառերով դաջվածքը։ Իմն էլ ցույց տվեցի։ Մոտավորապես էությունը նույնն էր. դաջվածք, որոնք հիշեցնում էին հարազատ մարդկանց։
Իսկ հետո տեղի ունեցավ այն, ինչի համար որ եկել էինք Ստամբուլ. հանդիպեցինք «Մանչեսթեր Սիթիի» փոքրաքանակ երկրպագուների, որոնք դեռ չէին սկսել աղմկել, բայց բոլորի ականջները «սղոցում» էին տիպիկ բրիտանական անգլերենով։
Հաջորդ քայլը պիտի լիներ ստադիոնի հետ ծանոթությունը։ Այն ինձ պատկերվում էր, կարծես ժամադրության գնայի անծանոթ աղջկա հետ, որին մինչ այդ երբեք չեմ տեսել, մտքումս պտտում էի հարցերը, որոնք պետք է հղեի։ Սակայն ստադիոնի «հանդերձանքը» լավագույն տեսքը չուներ, հիասթափեցնող էր։ Ինքը՝ ստադիոնը շքեղ էր, երևում էր՝ ներսում խաղի օրը լինելու է իսկական 8-րդ հրաշալիք։ Սակայն շուրջը տիրում էր իսկական խայտառակություն՝ ամենուրեք կեղտ, չավարտված շինանարություն, որոնք ստադիոնի ենթակառուցվածքների հետ որևէ առնչություն չունեին։ Ստադիոնն ուներ սեփական՝ «Օլիմպիատ» մետրոկայանը, սակայն դրա կողքին գտնվող մետրոկայարաններին հարակից տարածքները ոչինչ չէին հիշեցնում, որ վաղը 1 կամ 1,5 կմ հեռավորության վրա պետք է տեղի ունենա եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենասպասված իրադարձությունը։ Համեմատության համար՝ 2017-ին Ստոկհոլմում, որտեղ ընդամենը Եվրոպա լիգայի եզրափակիչն էր, ամեն քայլափոխի ցուցանակներ ու վահանակներ էին։ Իսկ «Աթաթուրք» ստադիոնին նախորդող կանգառում կատվի ձագը սատկած ձուկ էր ուտում, երեխաներն առանց ոտնամանների վազում էին հողի միջով, խաղում էին աղբի մեջ։
Առավել տպավորիչ էր կազմակերպված Ֆանզոնը, որը գտնվում էր Յենիկապի տեղանքում և մոտ էր ծովափին։ Ամենուրեք զանազան խաղեր էին, որտեղ Չեմպիոնների լիգայի գլխավոր հովանավորները կազմակերպում էին զանազան խաղարկություններ: Բնականաբար, Ֆանզոնի տարածքում գործում էր եզրափակիչի պաշտոնական խանութը, որտեղ հնարավոր էր գտնել տարատեսակ ֆուտբոլային ատրիբուտիկա՝ գնդակներ, շարֆեր, շապիկներ: Համեմատության համար պետք է նշել, որ, ի տարբերություն եզրափակիչ ընդունած եվրոպական մյուս խոշոր քաղաքների, այստեղ գներն անհամեմատ ավելի բարձր էին: Կազմակերպվածության տեսանկյունից էլ Ֆանշոփերի քանակը միջինից քիչ էր: Եթե օրինակ վերը նշված Ստոկհոլմում պաշտոնական նվերներ կարելի էր գնել առնվազն 5-6 տեղից, ստամբուլյան եզրափակիչի օրերին մենք գտել ենք ընդամենը 2 կետ՝ սարսափելի հերթերով:
Կազմակերպվածության տեսանկյունից Ստամբուլն, իհարկե, լուրջ թերացել էր: Եվ դա այն դեպքում, որ այս քաղաքը շատ երկար է սպասել ՈՒԵՖԱ-ի հավանությանը: Ի սկզբանե, Ստամբուլը պետք է հյուրընկալեր 19/20 խաղարկության եզրափակիչը, սակայն կորոնավիրուսի պատճառով այդ մրցաշրջանի վճռորոշ խաղերի ձևաչափը փոխվեց, եզրափակիչն էլ տեղի ունեցավ Լիսաբոնում: Ստամբուլին խոստացան հաջորդ՝ 20/21 խաղարկությունների եզրափակիչը, սակայն դարձյալ նույն խնդիրների պատճառով Ստամբուլն իր տեղը զիջեց Պորտուին: Թուրքերը ստիպված էին սպասել 2 մրցաշրջան ևս՝ մինչև եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր խաղը կգար կհասներ իրենց քաղաք: 2 տարին, հիրավի, բավական ժամանակ էր լավագույնս նախապատրաստվելու համար:
Սակայն ոչ մի պարագայում կազմակերպվածությունը չի կարելի համարել նույնիսկ միջին մակարդակի: Չկար զգացողություն, որ այս քաղաքում տոն էր, չկար ֆուտբոլային շունչ: Եզրափակիչի օրն ինձ նույնիսկ մի երիտասարդ մոտեցավ ու հարցրեց. «այս ի՞նչ աժեոտաժ է»: Ես նրան ասացի, որ Ստամբուլում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է, ինչին ի պատասխան նա միայն մեծ ու կլոր աչքերով նայեց երեսիս: Թեպետ ինձ նման հարցով մոտեցավ միայն այդ երիտասարդը, սակայն բազմաթիվ մարդկանց հայացքներում կարելի էր կարդալ այդ նույն հարցը: Չկար քաղաքում գեթ մեկ վահանակ, պաստառ, որ հունիսի 10-ին Ստամբուլում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է: Իհարկե, դա կարելի է բացատրել վերջերս Թուրքիայում տեղի ունեցած նախագահի ընտրությամբ և երկրում տիրող տնտեսական ծանր վիճակով: Սակայն դրանք միայն արդարացումներ են. անխոս կարելի էր գոնե կազմակերպել, որ քաղաքը մաքուր դիմավորեր իր հյուրերին:
Կար մի կարծրատիպ, որը կապված էր Ստամբուլում հայերեն խոսելու վտանգների հետ: Թռիչքից առաջ խորհուրդ էին տալիս շատ բարձր հայերեն չխոսել, փողոցներում քիչ օգտագործել տեսախցիկ, խուսափել երկարատև նկարահանումներից: Սակայն արդեն օրվա ընթացքում պարզ դարձավ, որ Ստամբուլում մարդկանց բացարձակ չի հետաքրքրում՝ դու հայ ես, վրացի, թե շոտլանդացի: Խոսիր որ լեզվով, որ ցանկանում ես: Իսկ երբ սրճարանում, ռեստորանում կամ սննդի հասարակ մի կետում, որտեղ միայն քյաբաբ էին վաճառում, իմանում էին, որ իրենց դիմաց հայ է կանգնած, սկսում էին ժպտալ, ու հյուրասիրել, պնդում էին, որ իրենք՝ հասարակ բնակիչները, որոնք հեռու են քաղաքականությունից, դեմ են երկու ժողովուրդների միջև ցանկացած տարաձայնություններին:
Նմանատիպ զրույցներ ունեցա ամբողջ օրվա ընթացքում, և ինձ թվում էր, որ այդպես են մտածում բոլոր հասարակ մարդիկ: Սակայն ընդամենը ժամեր անց հասկացա, որ դա ամենևին էլ այդպես չէ…:
Շարունակությունը՝ ՄԱՍ 2-ում
Հեղինակ՝ Ռոբերտ Գասպարյան