Մ-21 Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան — Լյուքսեմբուրգ խաղի հերոսներից մեկը մեր ընտրանու դարպասապահ Սևակ Ասլանյանն էր. մրցակիցը խաղի ընթացքում պահեր շատ չստեղծեց, բայց 93-րդ րոպեին ստացած 11-մետրանոցի իրավունքը կարող էր վերածվել գոլի: Սեյվով աչքի ընկավ «Փյունիկի» դարպասապահը:
Խաղից հետո Ասլանյանը պատասխանեց ArmSport.am-ի հարցերին:
— Խաղի մեկնարկը դժվար ստացվեց: Բայց երկրորդ խաղակեսում կարողացանք գոլ խփել: Հենց այդ գոլն օգնեց, որ հաղթենք. խփեցինք 2-րդ գնդակը, 11-մետրանոցից փրկեցի, ու կարևորը չոր հաշվով հաղթեցինք: Շնորհավորում եմ բոլորիս:
— Առաջին 2 պարտություններից հետո որքանո՞վ էր կարևոր այս հաղթանակը:
— Հոգեբանական ընկճվածություն կար մի քիչ: Այս հաղթանակից հետո կփորձենք ավելի լավ տրամադրվել ու կփորձենք հաղթել նաև Իտալիայի հավաքականին: Դժվար է լինելու, բայց կփորձենք:
— Հնարավո՞ր էր, որ մրցակցին թերագնահատել էիք, դրա համար առաջին կեսում խաղը մի քիչ չէր ստացվում:
— Ոչ, թերագնահատելու մասին խոսք չի կարող լինել, ընդհակառակը՝ ավելի մոտիվացված էինք խաղում: Ուղղակի չստացվեց պահերն օգտագործել: Բայց կարևոր է, որ երկրորդ կեսում փրկեցինք իրավիճակը:
— 11-մետրանոցի իրացումից առաջ ի՞նչ մտքեր ունեիր:
— Մտածում էի դարպասն անառիկ պահելու մասին: Ստացվեց: Խաղից հետո էմոցիաներն աննկարագրելի էին ուղղակի: