«Ուրարտուի» պաշտպան Վահագն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ լքել է երևանյան ակումբը։
«Ավարտվեց այս հետաքրքիր ու երկար տարիների աշխատանքը իմ և Ուրարտու(Բանանց) ակումբի միջև։ Շնորհակալ եմ շատ Ուրարտու(Բանանց) ակումբին իմ կարիերայում մեծ դեր ունենալու համար։ Շնորհակալ եմ թիմի երկրպագուներին այս տարիների ընթացքում կողքիս լինելու և աջակցելու համար։ Ակումբի յուրաքանչյուր անդամ ինձ հարազատ է։ Մեծ պատիվ է եղել աշխատել Ձեզ հետ և կրել այս ակումբի ավագի թևկապը։ Բայց ամեն բան ավարտվում է,նորը սկսելու համար։ Ակումբին մաղթում եմ նորանոր հաղթանակներ և հաջողություններ»,-գրել է Այվազյանը։
Վահագն Այվազյանը ամիսներ առաջ հայտնվել էր տարօրինակ իրավիճակում: Մրցաշրջանը Այվազյանը մեկնարկել էր հենց «Ուրարտուի» կազմում և ընթացիկ մրցաշրջանում անցկացրել էր 2 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։ Այնուհետև Այվազյանը տեղափոխվել էր Օմանը ներկայացնող «Ալ Նասր» ակումբ: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Այվազյանը Հայաստան վերադառնալու որոշում կայացրեց։
Խաղացողը համալրել էր «Լոռիի» շարքերը, սակայն ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն՝ ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանի ընթացքում կարող է խաղալ առավելագույնը 2 ակումբում, իսկ «Լոռին» մեկ մրցաշրջանի ընթացքում Վահագնի 3-րդ ակումբն էր: Այդ առթիվ ArmSport-ը զրուցել էր Այվազյանի հետ․ հարցազրույցը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։