Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ձյուդոիստ Արման Ադամյանին՝ Դոհայում ընթացող Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ։
Ադամյանը նվաճել է Աշխարհի առաջնության ոսկե մեդալը մինչև 100 կգ քաշային կարգում՝ եզրափակիչում հաղթելով Չեխիայի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Լուկաշ Կրպալեկին։
«Հարգելի Արման Ազատովիչ, շնորհավորում եմ ձեզ հաղթանակի կապակցությամբ։
Կատարում կայացած Աշխարհի առաջնությունում դուք համոզիչ կերպով հաստատեցիք ձեր առաջնորդական որակները, դրսևորեցիք ձեր բնավորությունն ու կամքը և վառ էջ գրեցիք ձյուդոյի ազգային դպրոցի հաղթական տարեգրության մեջ։
Մաղթում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք»,- ասված է Պուտինի շնորհավորական հեռագրում, որի տեքստը հրապարակված է Կրեմլի պաշտոնական կայքում։