Կառավարությունն առաջարկում է ՀՀ 2020 թ․-ի պետական բյուջեում վերաբաշխում անել, ՀՀ Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարել ու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացնել։
Որոշումն ընդունվել է միաձայն: Այսպիսով, 50 մլն դրամ կտրամադրվի ԿԳՄՍ-ին՝ մարզիկներին պարգևատրելու համար: Յուրաքանչյուր մարզիկ 5-ական մլն դրամ կստանա:
«Սա հստակ ուղերձ է պրոֆեսիոնալ սպորտի ոլորտին՝ հատկապես օլիմպիական տարում, որ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում մարզական արդյուքներին, խրախուսվում են ջանքերը, որոնք մարզիկները ներդնում են տարվա ընթացքում համապատասխան արդյունքների հասնելու համար: Հաջորդ տարիներին ևս այս գումարը նախատեսում ենք ունենալ բյուջեում, և տարվա 10 լավագույն մարզիկներին պարգևագրելու ենք»,- ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք՝ 2019 թվականի արդյունքներով «Տարվա 10 լավագույն մարզիկների» ցանկում ընդգրկվել են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Սլավիկ Գալստյանը, ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանը, Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Հակոբ Մկրտչյանը,մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, սամբիստ Տիգրան Կիրակոսյանը, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը:
Պարգևատրումը տեղի կունենա վաղը՝ փետրվարի 21-ին, Բաղրամյան 26-ում: