«Լիվերպուլի» կիսապաշտպան Տյագո Ալկանտարան խոսել է Չեմպիոնների լիգայում հաղթանակի հասնելու կարևորության, ինչպես նաև մրցաշարի քառորդ եզրափակչի վիճակահանության մասին.
«Չեմպիոնների լիգայում հաղթելը միշտ շատ բարդ կլինի: Երբ դու նվաճում ես այդ տիտղոսը, նշանակություն չունի, թե որ թիմի հետ ես դա անում: Չեմպիոնների լիգան ցանկացած մրցաշրջանի գագաթնակետն է:
Ինձ բախտ է վիճակվել երկու անգամ հաղթելու Չեմպիոնների լիգայում: Ամեն անգամ այդ բարձունքին հասնելը հեշտ չէ, քանի որ այս մրցաշարում հաղթելը բարդ խնդիր է: Եվրոպայի բոլոր լավագույն ֆուտբոլիստները մրցաշրջանի վերջում ցանկանում են գլխավերևում պահել այդ գավաթը: Այս մրցաշրջանում «Լիվերպուլի» հետ մենք կպայքարենք եվրոպական լավագույն թիմերի հետ:
Ինչպե՞ս արձագանքեցինք, երբ իմացանք, որ քառորդ եզրափակչում մրցելու ենք «Ռեալի» հետ. մենք ստացանք այնպիսի մրցակցի, որին հարգում է ամբողջ աշխարհը: Սա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչն է, ու մենք ցանկանում ենք այս մրցաշարում հասնել մինչև վերջ: Հիանալի վիճակահանություն է. մենք խաղալու ենք ֆանտաստիկ թիմի հետ: «Ռեալին» շատ ենք հարգում»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում AS-ը:
Ալկանտարան 2010/11 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում է հաղթել Չեմպիոնների լիգայում, իսկ 2019/20 մրցաշրջանում՝ «Բավարիայի» կազմում:
«Ռեալ»-«Լիվերպուլ» առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին: Իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 14-ին: