Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» շուրջ 30 երկրպագուներ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ (2:3) հարձակվել են անգլիական ակումբի հյուր երկրպագուների վրա, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով սերբական Telegragh հրատարակությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակման են ենթարկվել «Սիթիի» մոտ 20 երկրպագուներ, որոնց, ենթադրաբար, դարանակալել են բարերից մեկում։ Հաղորդվում է, որ դիմակավորված հարձակվողները փայտերով ծեծի են ենթարկել հյուրերի երկրպագուներին՝ հարվածելով նրանց գլխին և մարմնին, նախքան փախուստը: Բելգրադի ոստիկանությունը որոնում է հարձակման մասնակիցներին։
G խմբում Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի «Ցրվենա Զվեզդա» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2։3 հաշվով։ Անգլիական թիմը խմբում 18 հնարավորից վաստակել է 18 միավոր և առաջին տեղով դուրս է եկել 1/8 եզրափակիչ: Բելգրադյան թիմը մեկ միավորով Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ավարտել է չորրորդ տեղում։