Իտալիայի հավաքականի, «Յուվենտուսի» և Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն դարձել է «Ուդինեզեի» գլխավոր մարզիչ։ Այս մասին հայտնում է իտալական թիմի մամուլի ծառայությունը պաշտոնական կայքում։ Մասնագետը ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
«Ուդինեզեն» Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ տեղը՝ անցկացրած 32 խաղից հետո ունենալով 28 միավոր։
Հիշեցնենք, որ Կանավարոն «Յուվենտուսի» կազմում երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, նույնքան անգամ «Ռեալի» հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն։ 2006 թվականին Ֆաբիոն Իտալիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն։ Նրա թիմը եզրափակիչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆրանսիային։ Նույն տարում խաղացողը ստացավ «Ոսկե գնդակը»: Կանավարոն աշխատել է Չինաստանում, որտեղ մարզել է տեղի ակումբները և ազգային հավաքականը։ Մասնագետը «Գուանչժոուի հետ դարձել է Չինաստանի չեմպիոն։ Նրա աշխատանքի վերջին վայրը «Բենևենտոն» էր։ Կանավարոն այս ակումբից հեռացել է 2023 թվականին։