Համաշխարհային սպորտում քիչ չեն դեպքերը, երբ մեկ տնից երկու գերհզոր մարզիկ է ծնվում։ Հիմնականում, սակայն, այդ երկու մարզիկների միջև լինում են տարիքային տարբերություններ, ասել է թե՝ հայր և որդի, պապ ու թոռ և այլն։ Կան նաև եղբայրների ու քույրերի հաջողակ օրինակներ։ Ֆուտբոլում հիմա ակներև է Ազար եղբայների օրինակը։ Թեպետ Էդենը գերազանցապես ուժեղ է Տորգանից, բայց միևնույն է, նրանք երկուսն էլ խաղում են Բելգիայի հավաքականում։
Իսկ լսե՞լ եք Ուիլյամս քույրերի մասին։ Դե իհարկե, լսել եք։ Եթե անգամ թենիս չեք դիտում, դժվար թե չիմանաք Սերենային, որը տարիներ առաջ ամուսնացավ ամերիկահայ բիզնեսմեն Ալեքսիս Օհանյանի հետ։ Թերևս գիտեք նաև Վինուսին՝ Սերենայի ավագ քրոջը, ով նույնպես կանանց թենիսում ամենահաջողակ մարզիկներից մեկն է վերջին տարիներին։
Փորձենք բացահայտել Ուիլյամս քույրերի հակամարտությունն ու նրանց տաղանդի դրսևորումները թենիսի կորտում։ Ինչպե՞ս է ազդել տարիների հակամարտությունը նրանց անձնական հարաբերությունների վրա։ Ազդե՞լ է բայց։ Ինչպե՞ս են հարազատ քույրերը շփվում իրար հետ այն բանից հետո, երբ նրանցից մեկը մյուսից մի քանի անգամ «խլել» է Մեծ սաղավարտի մրցաշարում հերթական հաղթանակի հասնելու հնարավորությունը։
Նախ կա տարածված մի անճշտություն։ Շատ մարդկանց մոտ տպավորություն կա, որ Սերենան ու Վինուսը երկվորյակներ են, մինչդեռ դա այդպես չէ։ Վինուսը ավագ քույրն է։ Նա ծնվել է 1980 թվականի հունիսի 17-ին։ Սերենան ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 26-ին։ Երկու քույրերի մոտ էլ թենիսի տաղանդը նկատելի է եղել դեռ մանկուց։ Գուցե անհավատալի թվա, բայց երկու քույրերն էլ պրոֆեսիոնալ տուրում իրենց նորամուտը նշել են 14 տարեկան հասակում։
Առաջին խաղն ու հակամարտության մեկնարկը
Պրոֆեսիոնալ մակարդակում առաջին անգամ Ուիլյամս քույրերը հանդիպեցին 1998 թվականի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի խաղում։ Ավագ քույրը երկու սեթում առավելության հասավ կրտսեր քրոջ նկատմամբ՝ 7-6(4), 6-1։ Նույն թվականին Իտալիայի բաց առաջնությունում Սերենան նշեց իր նորամուտը գրունտային մրցաշարերում։ Այստեղ ևս իր ճանապարհին կանգնեց ավագ քույրը։ Վինուսը հաղթեց նաև նրանց երկրորդ խաղում։
Առաջին եզրափակիչը Մեծ սաղավարտի մրցաշարում
2001 թվականին Միացյալ Նահանգների բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակչում միմյանց դեմ մրցում էին մրցաշարի գործող չեմպիոն Վինուս Ուիլյամսն ու նրա քույրը՝ Սերենա Ուիլյամսը։ Հատկանշական է, որ ամերիկուհի տաղանդաշատ քույրերի առաջին առճակատումը Մեծ սաղավարտի մրցաշարերի եզրափակչում կայացավ հենց Նյու Յորքում։
Flushing Meadows-ում այդ օրը ուժեղ պայքար չծավալվեց։ Վինուսը 6-2, 6-4 հաշվով հաղթեց կրտսեր քրոջը ու երկրորդ տարին անընդմեջ հաղթեց US Open-ը։ Մինչև այս եզրափակիչը հարազատ կորտերում հաղթանակ ուներ նաև Սերենան։ 1999-ին նա կարիերայի Մեծ սաղավարտի առաջին մրցաշարն էր հաղթել։
Բացառիկ ռեկորդն ու Սերենայի դոմինանտության սկիզբը
Բաց Էրայի ամենաֆանտաստիկ ռեկորդներից մեկը պատկանում է երկու քույրերին։ 2002 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունից մինչև 2003 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը նրանք երկուսով խաղացել են կանանց մենախաղի բոլոր եզրափակիչներում։ Սա միակ դեպքն է, երբ նույն մարդիկ Մեծ սաղավարտի չորս մրցաշար անընդմեջ հասել են եզրափակիչ ու խաղացել միմյանց դեմ։ Նման բացառիկ ցուցանիշով չեն կարող անգամ պարծենալ տղամարդկանց մենախաղի տիտաններն իրենց անվերջանալի հակամարտությունում։
Այս բոլոր 4 եզրափակիչներում հաղթել է Սերենա Ուիլյամսը։ Ու առավել հատկանշական է այն, որ այս 4 եզրափակիչներում Սերենան ավագ քրոջը ընդամենը մեկ սեթ է տվել։ Դա Ավստրալիայի եզրափակիչում էր։ Ինչ էր սա, եթե ոչ կրտսեր քրոջ դոմինանտության մեկնարկ, որը տարիների ընթացքում առավել բացահայտ էր դառնալու։ Որքա՜ն խորհրդանշական է, որ Մեծ սաղավարտի 4 մրցաշարերից երեքում Սերենա Ուիլյամսը առաջին անգամ չեմպիոն է հռչակվել՝ հաղթելով հարազատ քրոջը։ Համաձայնվեք՝ եզակի բան է սա։
Շտեֆի Գրաֆի ռեկորդն ու առայժմ վերջին եզրափակիչը
2017 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունը իսկական տոն պարգևեց թենիսի երկրպագուներին։ Երբ շատերը մտածում էին, որ եկել է Նադալի, Ֆեդերերի կամ էլ Ուիլյամս քույրերի կարիերայի մայրամուտի պահը, եկավ ամենաանսպասելին։ Մրցաշարի վերջին երկու օրը, երբ կայանում են կանանց ու տղամարդկանց եզրափակիչ հանդիպումները, մնացել էին 4 թենիսիստներ։ Կանանց մենախաղում քույրերն էին, իսկ տղամարդկանց պայքարում՝ Ռոջերն ու Ռաֆան։
Քույրերի եզրափակիչային հերթական ու առայժմ վերջին հակամարտությունը չափազանց մեծ նշանակություն ուներ Սերենայի համար։ Հաղթանակի դեպքում Սերենան շրջանցելու էր լեգենդար Շտեֆի Գրաֆին Մեծ սաղավարտի մրցաշարերում կանանց մենախաղում հաղթանակների քանակով։
Այսպիսով, հենց քրոջ՝ Վինուսի դեմ խաղում Սերենան կարողացավ հաղթել իր կարիերայի 23-րդ Մեծ սաղավարտի մրցաշարը՝ առջևում թողնելով միայն Մարգարետ Կորտին։ Հետաքրքրական է, բայց 2017-ի հաղթանակը Ավստրալիայում դեռևս վերջինն է Սերենայի համար։ 38-ամյա ամերիկուհին ամուսնացավ, երեխա ունեցավ, վերադարձավ կորտ, սակայն Մեծ սաղավարտի կանանց մենախաղի չորս եզրափակիչներից և ոչ մեկում չկարողացավ հաղթել։
Ի դեպ, Վինուս Ուիլյամսը մենախաղում Մեծ սաղավարտի 7 մրցաշար է հաղթել։ Իհարկե, կրտսեր քրոջ համեմատությամբ սա համեստ ցուցանիշ է, սակայն 7 Grand Slam հաղթելը մեծագույն նվաճում է։
Մեկ վայրկյան, այդ ու՞ր առանց զուգախաղ
Դե իհարկե, հակամարտությունից զատ, քույրերը շատ հաճախ լինում են իրար հետ կորտի միևնույն մասում։ Սերենան և Վինուսը բազմաթիվ նվաճումների են հասել նաև զուգախաղում։ Միայն 13 անգամ երկու քույրերը զուգախաղում հաղթել են Մեծ սաղավարտի մրցաշարերում՝ 4 անգամ՝ Ավստրալիայում, 2 անգամ՝ Ռոլան Գարոսում, 6 անգամ՝ Ուիմբլդոնում ու ևս 2 հաղթանակ՝ US Open-ում։ Բազմաթիվ ու բազմապիսի ռեկորդներ, որոնք քույրերը գրանցել են՝ գտնվելով կորտի միևնույն մասում։
Զուգախաղում քույրերը Օլիմպիական երեք ոսկե մեդալ ունեն։ Նրանք հաղթել են Սիդնեյում, Պեկինում և Լոնդոնում։ Ի դեպ, թե՛ Սերենան, թե՛ Վինուսը նաև Օլիմպիական ոսկի ունեն մենախաղում։ Վինուսը՝ 2000 թվականին Սիդնեյում, իսկ Սերենան՝ 2012-ին Լոնդոնում։ Օլիմպիական ոսկի մենախաղում չեն կարողացել նվաճել անգամ այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Ֆեդերերն ու Ջոկովիչը։
«Իմ առաջին գործը մեծ քույր լինելն է»
Իրականում բարդ է գտնել աշխարհում ևս մեկ այսպիսի օրինակ, երբ մեկ տնից երկու հզոր մարզիկներ հակամարտում են միմյանց դեմ ամենաբարձր տիտղոսների համար։ Ուիլյամս քույրերը եզակի տաղանդի ու յուրահատկության օրինակ են թե՛ մարզական աշխարհի, թե՛ առհասարակ բոլորի համար։ Մի պահ պատկերացրե՛ք, որ ձեր ոլորտում ձեր գլխավոր մրցակիցը ժամանակ առ ժամանակ ձեզ ամենահարազատ մարդն է։ Սա իսկապես դժվար է «մարսելը»։
Սերենայի ու Վինուսի հարաբերությունները բնավ չեն տուժել փառքի կիզակետում՝ մեկի կամ մյուսի պարտության, հաջողության կամ, ինչպես սիրում էր ասել Ռեդյարդ Քիփլինգը, տրիումֆի ու աղետի պահին։ Նրանք երկուսն էլ մեծ պրոֆեսիոնալներ են ու որքան էլ բարդ է կորտում անջատել ուղեղդ այն մտքից, որ քո դիմաց քո կրտսեր կամ էլ ավագ քույրն է խաղում, նրանք դա կարողանում են անել։ Անհասկանալի ու բարդ է ծնողների կարգավիճակը։ Լավ, ու՞մ երկրպագել։ Բարդ կամ գուցե հեշտ, չէ՞ որ յուրաքանչյուրի հաղթանակից ուրախանալու ես, բայց և տխրես մյուսի պարտութան պատճառով։ Պարադոքս է, այն էլ ինչ պարադոքս։
Կորտից դուրս Սերենան ու Վինուսը երկու լավ քույրեր են։ Երևում է՝ շատ լավ են Վինուսի հարաբերությունները նաև մեր հայրենակցի՝ Սերենայի ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի հետ։ Կարանտինի ընթացքում Վինուսն ու Ալեքսիսը Instagram-յան լայվեր էին անում, ինչը խոսում է ընտանիքների մտերմության մասին։
«Ես միշտ սիրում եմ հաղթել, բայց ես մեծ քույրն եմ։ Ես ուզում եմ, որ նա ամեն ինչ ունենա, անգամ եթե ես ոչինչ չունենամ։ Դա բարդ է։ Ես այնքան շատ եմ սիրում նրան։ Ահա, թե ինչ է նշանակում այս ամենը»,-սրանք Վինուսի խոսքերն են իր քրոջ՝ Սերենա Ուիլյամսի մասին։
Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է ասում Սերենան․
«Որպես կրտսեր քույր՝ մենք միշտ նայում ենք մեծերին, որովհետև նրանք միշտ առջևում են, նրանք միշտ հաղթում են մեզ»։
Արամ Սահակյան