Բարձրագույն խմբի աշնանային հատվածի ավարտից հետո ArmSport.am-ը ավարտում է հայկական թիմերի ելույթների ամփոփումը:
Վերջին անդրադարձը անհույս հետնապահի՝ «Երևանի» մասին է.
«Երևան». 15 հանդիպում, 0 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 15 պարտություն
«Երևանը» բոլոր առումներով հետնապահ է: Այս ակումբում խմորումները հայկական ֆուտբոլի խոցելի կետերից մեկն է: Անվերջ սկանդալներ, որոնք առնչվում են պայմանավորված խաղերին, ղեկավար կազմում ներգրավված «սև» անուններ, պարտություններ և այլն:
Չնայած այս ամենին՝ կան լուսավոր կետեր՝ հայ ֆուտբոլիստների խաղաժամանակ ստանալը և… ֆուտբոլասերների կողմից հումորային հարթակի վերածված ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Բնական է, որ «Երևանը» ընթացիկ առաջնությունում ամենաքիչ գոլ խփած (11) և ամենաշատը բաց թողած (53) թիմն է:
«Ամենօրյա» մարզչական անհասկանալի փոփոխություններ
Թիմը մրցաշրջանը սկսեց սերբ Նեբոյշա Պետրովիչի գլխավորությամբ: 6 անընդմեջ պարտություն և սերբ Մարադոնան, ով այդ մականունը ստացել է լեգենդի հետ արտաքին նմանության համար, հեռացավ մայրաքաղաքային թիմից: Արդեն իսկ հետնապահի կոչումը ստացած «Երևանի» մարզչական ղեկը ստանձնեց մոլդովացի Վլադ Գոյանը, ով «դիմացավ» ընդամենը 4 հանդիպում:
Հոկտեմբերի կեսերին նոր անուն՝ Խոսե Անտոնիո Կալդաս դե Օլիվեյրա ՝ WOW, հնչեղ է, բայց… պարտությունները չդադարեցին:
Կազմը
«Երևանի» գլխավոր խնդիրներից մեկը պահեստայինների նստարան ուղղակի չունենալն է: Մի շարք հանդիպումներում թիմը 1-2-3 պահեստային ֆուտբոլիստներ է ունենում, իսկ վերջին տուրում հետնապահը հանդես եկավ առանց փոխարինողների:
Թիմի ամենավառ կերպարը Աբրահամ Պորտուգալյանն է: Երիտասարդական հավաքականի 20-ամյա հարձակվողը 7 ոչ լրիվ հանդիպման է մասնակցել՝ խփելով 3 գոլ: Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստները քիչ խաղաժամանակ են ստանում Բարձրագույն խմբում: Պորտուգալյանն այսկերպ լրացնում է բացը:
Երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վիուլեն Այվազյանը 7 հանդիպման է մասնակցել:
Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների նախկին դարպասապահ, 24-ամյա Գրիգոր Մակարյանը 4 հանդիպման է մասնակցել:
Կայուն խաղաժամանակ են ստանում ավագ Արգիշտի Պետրոսյանը, Էդգար Մկրտչյանը, մերթընդմերթ խաղում են նաև Գեղամ Թումբարյանը, Վահե Մովսիսյանը, Աղավարդ Պետրոսյանը:
Որոշ լեգիոներներ արդեն իսկ հեռացել են երևանյան թիմից: Մնում է հուսալ, որ հայ ֆուտբոլիստները ավելի լավ տարբերակներ կգտնեն կարիերան շարունակելու համար:
Պարտություն Գավաթի խաղարկությունում
«Երևանը» ցույց տվեց, որ խաղամակարդակով զիջում է Առաջին խմբի թիմերից շատերին:
1/8 եզրափակչում թիմը 0:2 հաշվով պարտվեց «Սևանին»:
Ֆեյսբուքյան էջն ու ակումբի մշուշոտ տեսլականը
«Երևանը» առանձնանում է ֆեյսբուքյան էջով. այստեղ սատիրան սահմաններ չունի: Հայ ֆուտբոլասերները մեծ ոգևորությամբ են սպասում թիմի հերթական պարտությանը, որպեսզի մտնեն «Երևանի» ֆեյսբուքյան էջ և տեսնեն հերթական հումորային գրառումը:
Բայց այս ակումբի հետ կապված ամեն ինչ առավել քան տխուր է… ակումբի գործունեությունն անգամ կասկածի տակ է: Պետք է ընդամենը սպասել ակումբի դիրքորոշմանը: Նոր տարվա մեկնարկում ծավալվելիք իրադարձությունները կտան շատ հարցերի պատասխաններ:
Շարքի նախորդ մասերը
«Լոռի»
«Արարատ-Արմենիա»
«Ալաշկերտ»
«Արարատ»
«Շիրակ»
«Նոա»
«Փյունիկ»
«Ուրարտու»
«Գանձասար-Կապան»
Արման Առաքելյան