Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» կընդունի Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկենդիային»։ Առաջին խաղում երևանյան թիմը պարտվել էր 0։2 հաշվով։
Այսօր կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի նախաղային ասուլիսը։
«Վնասվածքներ չունենք, ամբողջ կազմը պատրաստ է վաղվա խաղին: Մի փոքր վնասվածք ունի միայն Բաբու Չամը, նրա մասնակցությունը հարցականի տակ է: Ես կարճ ժամանակ է, ինչ գլխավորում եմ թիմը ու շատ ժամանակ չենք ունեցել նախապատրաստվելու համար: Այն ֆուտբոլիստները, ովքեր կան իմ տրամադրության տակ, բավարարում են, բայց մենք աշխատում ենք կազմն ուժեղացնելու ուղղությամբ: Մինչև Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկը բանակցում էինք 2 ֆուտբոլիստի հետ, սակայն տրանսֆերները չիրականացան: Հիմա այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում»,–ասաց մարզիչը։
Խոսելով ընտրական այս փուլում թիմի առջև դրված առաջադրանքների մասին՝ Ոսկանյանը նշեց. «Կոնկրետ խնդիր չկա դրված թիմի առաջ: Պետք է հնարավորինս լավ խաղանք»:
Անդրադառնալով հաջորդ փուլ դուրս գալու դեպքում ֆուտբոլիստներին տրվող պարգևավճարների թեմային, Ոսկանյանն ասաց. «Մենք ազգ ենք ներկայացնում, իսկ պարգևավճարը երկրորդական է»:
«Արարատ» – «Շկենդիա» խաղը կկայանա հուլիսի 14–ին ու կսկսվի Երևանի ժամանակով 19։00–ին։