Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը, որին մասնակցում է Հին աշխարհամասի 24 պետություն, մրցագորգը տրամադրվել էր Ազգային հավաքականներին:
Մեր մարզիկներից Արսեն Խանջյանը մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում պարզապես փայլեց:
Նա առաջին գոտեմարտում 6:2 հաշվով հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Սիմոն Իոսիֆին, թեև առաջին միավորները սկզբում վաստակել էր մրցակիցը:
Երկրորդ գոտեմարտում մեր ըմբիշի հակառակորդը ադրբեջանցի էր, ում Արսենը ընդամենը կես րոպեում տապալեց՝ վաղաժամ արձանագրելով մաքուր հաղթանակ:
Երրորդ գոտեմարտը բելառուս Լեսիակի հետ էր: Հաշիվը 2:1՝ հօգուտ Արսենի:
Առավել դրամատիկ էր եզրափակիչը: Արսենի մրցակիցը ռուսաստանցի Վյաչեսլավ Միխայլինն էր, ով 2-րդ րոպեին վաստակեց 1 միավոր և փորձում էր պահել հաշիվը:
«Մնում է 1 րոպե, պայքարից խուսափելու համար ռուսին տրվում է հերթական զգուշացումը, Արսենին՝ մեկ միավոր: Սակայն սա բավարար չէ. նման հաշվի դեպքում հաղթանակը կտրվի մրցակցին:
Այս ամենը լավ գիտակցելով՝ Արսենը շարունակում է գրոհները և մրցամարտի ավարտից 14 վայրկյան առաջ կատարում գեղեցիկ հնարք ու վաստակում 2 միավոր:
Հաշիվը 3:1 է և Արսենը հռչակվում է Եվրոպայի չեմպիոն»,- ասված է Հաայստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հավելենք, որ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը երեկ կարողացել է նվաճել բրոնզե մեդալ, իսկ մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը արժանացել է արծաթե մեդալի: