Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին խոսել է ԱԱ-2022-ի առաջին խաղում Սաուդյան Արաբիայից կրած 1-2 հաշվով պարտության մասին։
«Այլ տարբերակ չկա, բացի բարձրանալն ու առաջ գնալը։ Վերլուծելու բան այլևս կարծես թե չկա։ Տխուր օր է, բայց պետք է բարձրացնել գլուխն ու շարունակել աշխատել։
Կարծում եմ՝ առաջին կեսում առավելությունը լրիվ մեր կողմն էր, բայց մեկ գոլն ամեն ինչ կարող է փոխել։ Ավելի ուշ կվերլուծենք մրցակցի գոլերը։
Սաուդյան Արաբիան գոլերը խփեց 48-րդ և 53-րդ րոպեներին․ նրանք խաղը ֆիզիկայի պատճառով չշրջեցին։ Սպասենք բժիշկների պատասխանին, բայց մեր ֆուտբոլիստների մեծ մասի մոտ ամեն ինչ կարգին է։
Մենք առաջվա պես մեր խաղի մասին ենք մտածում։ Խաղից առաջ մեզ ֆավորիտ էին համարում, բայց աշխարհի առաջնությունում կարող են նման բաներ լինել։ Պիտի աշխատենք այն ամենի վրա, ինչը չստացվեց»,- Սկալոնիի խոսքերն է փոխանցում Արգենտինայի հավաքականի կայքը։