Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է «Մանչեսթեր Սիթիից» անցած ամառ իր հանդեպ եղած հետաքրքրության մասին։
«Բորուսիայում» խաղալիս խոսել եմ շատ ակումբների հետ, խորհրդակցել եմ ընտանիքիս հետ, քանի որ մրցաշրջանի միջնամասում դժվար էր միանգամից այդքան տեղեկատվություն մշակել։ Բայց հենց որ «Ռեալից» զանգահարեցին ինձ, ես երկու անգամ չմտածեցի: Ահա թե ինչու եմ ես այստեղ»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում իսպանական AS առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ Բելինգհեմը մադրիդյան ակումբի խաղացող է դարձել անցած ամառ։ Անգլիացին Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»: Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը մադրիդյան թիմի կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ջուդի գործող պայմանագիրը մադրիդցիների հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 180 մլն եվրո։