Սուպերլիգայի հարցերով զբաղվող A22 ֆուտբոլային ընկերության գործադիր տնօրեն Բերնդ Ռայնհարթը ներկայացրել է մրցաշարի նոր ձևաչափը։
Die Welt-ի տարածած հայտարարության մեջ Ռայխարտն ասել է, որ 60-ից 80 ակումբներ կարող են մասնակցել մրցույթին՝ բաժանված մի քանի դիվիզիոնների: Միաժամանակ Սուպերլիգայում մշտական մասնակիցներ չեն լինի, ձևաչափը հիմնված է բացառապես մարզական ելույթների վրա։
Նոր ձևաչափով՝ թիմերը երաշխավորված են մրցաշարում յուրաքանչյուր մրցաշրջանում անցկացնել առնվազն 14 հանդիպում: Ռեյնհարթը նշել է, որ Սուպերլիգան բանակցություններ է վարել եվրոպական 50 ակումբների հետ և աջակցություն է ստացել նրանցից մի քանիսից, սակայն կոնկրետ թիմեր չի նշել, քանի որ դրա պատճառով կարող են պատժամիջոցների ենթարկվել։
«Եվրոպական ֆուտբոլի հիմքերը վտանգի տակ են։ Փոփոխության ժամանակն է։ Ֆինանսական ամենալուրջ ռիսկերը հենց ակումբներն են վերցնում, բայց երբ պետք է մեծ որոշում կայացնել, թիմերը հաճախ ստիպված են լինում ձեռքերը ծալած նստել, մինչ մարզական և ֆինանսական հիմքերը քանդվում են նրանց շուրջը: Մեր բանակցությունների արդյունքում պարզ դարձավ, որ ակումբներն ամենից հաճախ չեն կարողանում հրապարակայնորեն արտահայտվել համակարգի դեմ՝ պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։ Մեր երկխոսությունը բաց էր, ազնիվ և կառուցողական, մենք որոշ գաղափարներ տվեցինք, թե ինչ և ինչպես փոխել ֆուտբոլում։ Շատ անելիքներ կան, մենք կշարունակենք մեր շփումը ակումբների հետ»,- ասել է Ռայնհարթը։
«Այն ժամանակացույցը, որը թիմերին երաշխավորում է Սուպերլիգայում նվազագույնը 14 հանդիպում մեկ մրցաշրջանում, կօգնի ակումբներին գտնել կայունություն և եկամուտների ավելի ճշգրիտ կանխատեսումներ», — ավելացրել է Ռայնհարթը։ Վերջինս պնդում է, որ ակումբները պետք է իրենց տարեկան եկամտի ֆիքսված տոկոսը ծախսեն խաղացողների աշխատավարձերի և տրանսֆերների վրա:
2022 թվականի հոկտեմբերին Ռայնհարթը հայտարարել էր, որ Սուպերլիգայի առաջին մրցաշրջանը կարող է տեղի ունենալ 2024/25 թթ․ մրցաշրջանում։
2021 թվականի ապրիլի 19-ին 12 ակումբներ հայտարարել էին Սուպերլիգայի ստեղծման մասին։ Երկրպագուների բողոքից և ՈՒԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքից հետո նախագիծը կասեցվել էր։